Ղազարոս Աղայանը ծնվել է 1840 թվականի ապրիլի 4–ին Բոլնիս–Խաչեն (այժմ՝ Վրաստանում) հայաբնակ գյուղում։
Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղում՝ քահանա Տեր-Պետրոսի մոտ։ 1853 թվականին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սակայն մեկ տարի անց ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։
Աշխատել է որպես գրաշար Թիֆլիսում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ 1867 թվականին վերադարձել է Անդրկովկաս, եղել է Էջմիածնի տպարանի կառավարիչ, խմբագրել «Արարատ» ամսագիրը (1869-1870)։ Դասավանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշվա դպրոցներում (1870–1882), եղել Վրաստանի և Իմերեթիայի հայկական դպրոցների թեմական տեսուչ։ Աշխատել է «Փորձ» հանդեսի խմբագրությունում որպես քարտուղար, գործուն մասնակցություն ցուցաբերել «Աղբյուր» մանկական պատկերազարդ ամսագրի խմբագրմանը։
1895 թվականին ձերբակալվել է հնչակյան կուսակցությանը պատկանելու մեղադրանքով, աքսորվել Նոր Նախիջևան, ապա՝ Ղրիմ (1898-1900)։ Այնուհետև մինչև կյանքի վերջը եղել է ցարական ժանդարմերիայի հսկողության տակ։ 1902 թվականի մայիսին տոնվել է Աղայանի գրական գործունեության 40-ամյակը։ 1905 թվականին մասնակցել է Թիֆլիսի հոկտեմբերյան ցույցին՝ ցարին տապալելու կոչ արել։
Մահացել է 1911 թվականի հունիսի 20-ին Թիֆլիսում։
Մեծերը Ղազարոս Աղայանի մասին
Ղազարոս Աղայան՝ նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս, ում գրական ձեռագիրը ընդմիշտ կմնա հայ գրական պատմության մեջ: Նրա մահվան տարելիցի օրը վերհիշենք մեծերի մտքերը Աղայանի մասին:
Կարծես հեքիաթների միջից եկած, մեր իրականության մեջ քայլող մի զորապետ իշխան լիներ, լեռների քաջ որսկան, աշխարհե աշխարհ կտրող քարավանապետ։
Աղայանը խորքով լավատես էր. վիշտն ու տխրությունը չափազանց կարճատև պահեր էին նրա մոտ։ Կարելի էր ասել, որ նա իր կյանքում երբեք չհիասթափվեց, միշտ մնաց ոգևորված, հավատով։ Միտքը վառ էր միշտ, հարցասեր, հետաքրքրվող, ականջը միշտ նորության՝ գրական, հասարակական և գիտական գյուտերի, նվաճումների։
Ավետիք Իսահակյան
Ղ. Աղայանը մի հոյակապ մարդ էր ու խոշոր մտածող, երազող, գրող։ Բայց նրա կյանքը անգիր անցկացավ։ Անցկացավ իր բարեկամների, ընկերների ու մտերիմների շրջանում, ու միայն նրանք գիտեն, թե ինչքան բան ուներ նա ու ինչքան բան տարավ իր հետ։
Նրա թողածը շատ է քիչ, տարածն ու կորածը՝ ահագին:
Նա նման չի մեր գրողներից ոչ մեկին։ Նա ամեն մի ճյուղի մեջ ցույց է տվել ինքնուրույն ճաշակ և տաղանդ և երբեք չի եղել երկրորդը։
Նա ունեցել է խոր հավատ ու հարգանք դեպի իր գրիչը, գրիչը համարել է մի սրբազան արարողություն, գրիչ առնելիս կարողացել է վերանալ, և նրա բանաստեղծական աշխատանքն էլ եղել է միշտ վեհ, իդեալական, մաքուր, մանկական:
Հովհաննես Թումանյան
Ժողովրդայնությունը Աղայանի մայրենի լեզվի բովանդակ ոգին է, որով այդ լեզուն դառնում է հոգեկան կյանքի, արյան լեզու։
Ամբողջ սերունդներ Աղայանից սովորեցին խոսել և սիրել մայրենի լեզուն:
Դերենիկ Դեմիրճյան
Աղայանցի բարերար ազդեցությունն իր ժամանակի վրա անկասկածելի է։ Այդ բարերար ազդեցությունը կապված է Աղայանցի բարոյական հազվագյուտ մաքրության հետ, մի հատկություն, որը նրան բարձրացնում է ազգային դաստիարակի բարձր կոչման աստիճանի։
Ավետիք Արասխանյան
Նրա կյանքն ու գրականությունը միաձույլ էին. թերևս մեկը լրացնում էր մյուսին։ Երկար տարիների մանկավարժը հոգեբանորեն իրեն կոչված էր համարում ժողովրդական ուսուցիչ լինելու։