Հասած երկինքը
Երեխաներ, իմ խորհուրդը ձեզ՝ սիրեք ածականները: Մի՛ պահեք ձեզ էս անտանելի երկվորյակների՝ Մարկոյի և Միրկոյի պես, որ ծիծաղում են դրանց վրա: Երեկ, օրինակ, նրանք պետք է ածականներ ընտրեին մի քանի գոյականների համար:
Այս ավազակները գրել էին. «Կապույտ սերմ, կանաչ ձյուն, սպիտակ խոտ, քաղցր գայլ, չար շաքարավազ, հասած երկինք…»:
Ու մեկ էլ հանկարծ անտանելի որոտ լսվեց. «Գը՜մփ-գը՜մփ»: Էս ի՞նչ էր: Ոչինչ. էս երկինքը լսեց, որ ինքն արդեն հասել է, որոշեց, որ տանձ ու խնձորի նման գետնին պիտի թափվի: Վերևից հո չընկա՜վ: Տունը փլվեց, փոշու ամպ բարձրացավ: Հրշեջներն եկան, շատ չարչարվեցին, հազիվ էս անտանելի երկվորյակներին փլատակների տակից հանեցին: Բա նրանց կարել-կարկատելն ինչ դժվար էր, ախր նրանք մասերի էին բաժանվել: Երկինքն էլ մի կերպ իր տեղը դրեցին, որ ծիծեռնակներն ու ինքնաթիռները կարողանան այնտեղ թռչել:
Փոխեցին գլուխները
Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները, չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ Ուսուցիչ Քերականը նրանց հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:
_ Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի մոտ հայտնվեց Առյուծը և թռավ սենյակ: Նա բարկացած էր.
_ Այդպե՞ս: Ուրեմն ես բառաչո՞ւմ եմ՝ բե-ե-ե-ե, բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ թաթով պոկեց Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը և խփեց իրար:
Լավ է, որ այդ երկու սարսափելի երկվորյակների գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց իրար՝ Մարկոյի գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքա՜ն թանկ է:
Սխալ արձագանք
Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
_ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
_ Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:
_ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
_ Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի.
_ Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:
_ Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
_ Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
_ Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
_ Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
_ Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ նրան:
_ Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
_ Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա:
Պաղպաղակե դղյակը
Մի Բոլոնիա քաղաք կար: Էս Բոլոնիա քաղաքի ամենա-ամենագլխավոր հրապարակում մարդիկ մի դղյակ էին կառուցել: Էս դղյակը հասարակ դղյակ չէր: Պաղպաղակից էր: Քաղաքի բոլոր ծայրերից երեխաները փախչում-գալիս էին, որ մի քիչ լպստեն: Դղյակի տանիքը կաթնային սերուցքից էր, ծխնելույզներից բարձրացող ծուխը` ծուռմռտիկ շաքարից, իսկ ծխնելույզները` մրգաշաքարից: Մնացած ինչ կար-չկար պաղպաղակից էր` դռները պաղպաղակից էին, պատերը պաղպաղակից էին, կահուքը պաղպաղակից էր:
Մի փոքր տղա բռնեց սեղանի ոտքը և սկսեց լպստել: Հետո էս տղան կերավ սեղանի մյուս ոտքը, էն մյուս ոտքը, իսկ երբ կերավ վերջին ոտքը, սեղանն իր ափսեներով ընկավ ուղիղ տղայի վրա… Ափսեներն էլ էին պաղպաղակից: Մեկ էլ քաղաքի պահակը տեսավ, որ դղյակի մի պատուհանը հալչում է: Էս պատուհանի ապակիներն էլ ելակի պաղպաղակից էին, դարձել էին վարդագույն առվակ ու հոսում էին իրենց համար:
— Վազեք այստե՜ղ, շուտ արե՜ք,- կանչեց պահակը երեխաներին:
Բոլորը վազելով եկան և սկսեցին լպստել վարդագույն առվակը, որ ոչ մի կաթիլ չկորչի:
-Բազկաթո՜ռը: Ինձ բազկթոռը տվե՜ք,-աղաչում էր մի ծեր տատիկ, որ եկել էր պաղպաղակ ուտելու, բայց չէր կարողանում մոտենալ պալատին:- Բազկաթոռն ինձ տվեք, ես խեղճ, ծեր տատիկ եմ: Օգնեք ինձ: Բազկաթոռը տվեք: Հենակներն էլ տվեք, էլի՜:
Մի բարի հրշեջ վազեց-բերեց համով կրեմից պատրաստված բազկաթոռը: Էս տատիկը մի լա՜վ ուրախացավ, շտապ-շտապ սկսեց լպստել բազկաթոռի հենակները:
Ի՜նչ լավ օր էր, է՜…Իսկական տոն էր Բոլոնիայում: Բժիշկների հրամանով այդ օրը ոչ մեկի փորիկը չցավեց:
Այդ օրվանից երեխաները հենց երկրորդ բաժին պաղպաղկն են ուզում, ծնողները տխուր ասում են.
-Է՜, բարեկամս, քեզ երևի պաղպաղակե դղյակ է պետք, էն էլի, որ Բոլոնիայում է եղել: Այ, այդ ժամանակ դու կկշտանաս: